
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի». ահա այս բառերով են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քրիստոնյաներն այսօր իրար ողջունում:
Հազարավոր տարիներ առաջ, մարդկության պատմության մեջ մի հրաշալի իրադարձություն տեղի ունեցավ: Նման բան դեռևս ոչ ոք չէր տեսել՝ մարդ մեռելներից հարություն առավ:
Իհարկե, շատերը հերքեցին այս փաստը՝ տալով մի շարք մեկնաբանություններ այդ իրողությանը, բայց նրանք, ովքեր եղել էին հարյալի հետ և դարձել նրա հարության վկաները, պատմում են իրական եղելությունը:
Կարևորագույն փաստն այն էր, որ այդ հարյալ մարդը պարզապես մի անձնավորություն չէր, այլ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս:
Նա եկավ այս աշխարհ, ապրեց բոլոր մարդկանց նման՝ ապացուցելով, որ հնարավոր է ապրել կյանքն առաց մեղքի, մաքուր ու արդար: Այս երկրում եղած ժամանակը Նա անցկացրեց Իր սերը մարդկանց մեջ տարածելով, բժշկելով, ուսուցանելով ու հրաշքներ գործելով:
Սակայն մարդկային անհավատության և չարության արդյունքում խաչին գամվեց և մահացավ:
Թվում է, թե սա էլ հերթական մի պատմության ավարտ եղավ, բայց այս դեպքն ուրիշ էր՝ սա ոչ թե ավարտ, այլ մի նոր բանի սկիզբ էր:
Հիսուսի մահից հետո, երբ բոլորը կարծում էին, թե Նա էլ անցավ պատմության գիրկը՝ հիշվելով միայն որպես մեկը, ով փորձեց ինչ-որ բան փոխել մարդկային կյանքում, կատարվեց ամենազորավորն ու հրաշալին՝ Նա հարություն առավ մեռելներից:
Իհարկե, շատերը չհավատացին Նրա հարությանը, փորձեցին բազում բացատրություններ գտնել այդ փաստը հերքելու համար, բայց նրանք, ովքեր հավատացին, Ամենակարող Աստծո զավակներ կոչվեցին և հավիտյան փրկություն ձեռք բերեցին:
Այս օրը մարդկանց համար ամենաերջանիկ և ամենակարևոր տոնն է, քանի որ կատարվեց այն, ինչ Աստված խոստացել էր, ինչի մասին խոսում էին բոլոր մարգարեները և ինչին սպասում էին մարդիկ:
Եթե գոնե մի վայրկյան պատկերացնենք, թե ինչ ենք մենք ստանում Հիսուսի հարությամբ, դա կլինի այս կյանքի երջանկության բանալին, որը անխտիր բոլորն են փնտրում:
Հիսուս Իր թանկ արյունով լվաց ու մաքրեց մեզ, ազատեց ամեն չարիքից, հավիտյան բժշկություն տվեց, ամեն բնագավառում հաղթանակ տարավ և այդ հաղթանակը մեզ նվիրեց, և վերջ ի վերջո` պարգևեց հավիտյան կյանք՝ մեր սիրող Հոր՝ Ամենակարող Աստծո հետ:
Մենք՝ քրիստոնյաներս, երջանիկ մարդիկ ենք, քանի որ մեր Աստված կենդանի Աստված է, մենք չենք պաշտում ինչ-որ արձանների՝ վախից դրդված: Հիսուս՝ մեր Աստված, սեր է անսահման, և այն ամենը, ինչ Նա անում է, դրդված է հենց այդ սիրուց:
Հիսուս մինչ օրս շարունակում է այն փառահեղ գործը, որ սկսել էր այս երկրի վրա: Հարությունից հետո երկինք համաբարձվելով՝ նա անդադար բարեխոս է լինում մեզ համար, նա հավատարիմ կերպով կատարում է իր խոստումը, որ տվեց իր հետևորդներին՝ մեզ՝ Հոր մոտ վերադառնալուց առաջ. «… և ահա Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը» (Մաթևոս 28.20):
Այսօր, այս հիասքանչ տոնը ևս մեկ հնարավորություն է կյանքդ վերանայելու համար. մի կո’ղմ դիր ամեն հոգս ու խնդիր և թո՛ւյլ տուր Հիսուսին հարություն առնել քո սրտում, ու հավատա՛, որ հենց սա է նրա փափագը:
Թո’ղ այս խոսքերը քո կյանքում իրականություն դառնան և հավիտյան արթուն մնան.
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»…


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев